- Կարդա՛ և լրացրու՛ պակասող տառերը:
Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, որոնք ապրում են երամներով Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի անտառներում: Թութակները լինում են տարբեր-տարբեր չափերի՝ 18 սմ-ից մինչև 1 մ: Նրանք այլ թռչուններից տարբերվում են հատկապես իրենց գունավոր փետուրներով, որոնք գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին և հազվադեպ` սև կամ մոխրագույն:
Թութակները, սովորաբար, ունենում են 8 ձագուկից ոչ ավելի: Նոր ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական և կույր է լինում: Բայց օրեցօր մեծանում է և մեկ ամսից արդեն դուրս է գալիս բնից լրիվ կազմավորված և իր սեփական անունով: Այո՛, այո՛, թութակները ևս ծնվելուց անմիջապես հետո կնքվում են անունով: Տնային թութակների անունը, իհարկե, որոշում են մարդիկ, իսկ վայրի թութակներն իրենց անունները ստանում են շատ հետաքրքիր մի տարբերակով. թութակի ծնվելուց հետո մայրը մի ձայն է արձակում, ծլվլում է ու հենց այդ ծլվլոցն էլ դառնում է ձագուկի անունը:
Իսկ ինչպիսի՞ կառուցվածք ունեն նրանք. կարճ պարանոց, մեծ գլուխ, երկու ոտք, լայն թևեր, կեռ կտուց և մարդու սրտից կրկնակի արագ աշխատող ու անչա՜փ բարի սիրտ: Իմիջայլոց, թութակների ոտքերի երկու մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին դառնում են իսկակական բռնիչներ: Բռնում են ճյուղերից, վանդակներից ու օգնում տիրոջը տեղաշարժվել: Իսկ թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում:
Թութակները բացի բնության մեջ ու երամներով ապրելուց, արդեն շա՜տ երկար ժամանակ է, ինչ վերածվել են տնային թռչունների: Նրանք դարձել են մարդկանց ընկերներն ու տան գեղեցկությունը: Եվ անկախ իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների, սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել նույնիսկ ամենաամուր ընկույզը:
Այս զարմանահրաշ թռչունները, ինչպես և բոլոր կենդանիները, խոսում են իրար հետ: Իհարկե, ոչ մարդկանց նման: Նրանք միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Իսկ տնային թութակները երբեմն խոսում են նաև մարդկանց հետ հենց մարդկանց լեզվով:
Ավստրիալիայում գործում է հատուկ դպրոց, որտեղ թութակներին սովորեցնում են խոսել:
Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով:
Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ
2. Որտե՞ղ են ապրում թութակները:
- Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի անտառներում:
3. Մյուս թռչուններից հատկապես ինչո՞վ են տարբերվում թութակները:
Նրանք տարբերվում են նրանով, որ կարողանում են խոսել նույնիսկ մարդկանց նման։
4. Ի՞նչ չափսեր են ունենում թութակները:
18 սմ-ից մինչև 1 մ:
5. Ինչպիսի՞ կառուցվածք ունեն թութակները:
կարճ պարանոց, մեծ գլուխ, երկու ոտք, լայն թևեր, կեռ կտուց
6. Ինչպիսի՞ն են լինում նոր ծնված ձագուկները:
Նոր ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական և կույր է լինում:
7. Ինչո՞վ են սնվում թութակները:
սերմով, կորիզներով։
8. Վայրի թութակների անունները ո՞վ է որոշում:
Նրանց մայրիկը
9. Դո՛ւրս գրիր այն հատվածը, որը քեզ ամենից շատ զարմացրեց:
Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով:
10. Տեքստից դու՛րս գրիր 5-ական գոյական, ածական, բայ, թվական: Թվականները գրի՛ր տառերով:
գոյական —թութակ, մարդ, ընկեր, ձագուկ, ընկույզ։
ածական —գունավոր, կարճ, լայն, մեծ, վայրի
բայ-ծնվել, սովորել, խոսել, տեղաշարժվել, ապրել
թվական-երեք հարյուր, տասնըութ, մեկ, ութ
11. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հոգնակի թվով գործածված հինգ գոյական:
թութակներ, ձագուկներ, մարդկանց, թրչուններ, ընկերներ
12. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հատուկ անունները:
Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Ժակո,
13. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները:
Հետաքրքիր-ուշագրավ
Պարանոց-վիզ
Տնային-ընտանի
Ընկեր-բարեկամ
Սնվում-ուտում
Ջարդում-կոտրում
Խոշոր-մեծ
Խոսում-հաղորդակցվում
14. Գրի՛ր սևով առանձնացված բառերի հականիշները:
գունավոր-անգույն
փոքրիկ-մեծ
մեծ-փոքր
վայրի-ընտանի
կարճ-երկար
լայն-նեղ
առաջ-հետ
արագ-դանդաղ